top of page

Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգությունը ևս մեկ անգամ արժևորվեց և գնահատվեց գրողի հոբելյանին նվի




ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում նոյեմբերի 23-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա հանրապետական գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին թե՛ գիտնականները, թե՛ Երևանի պետական համալսարանը նոր ավարտած ուսանողներ հանդես են գալու Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկույցներով, որոնք կարող են նոր լույս սփռել նրա թողած հսկայական ժառանգության վրա:

Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի համոզմամբ՝ բանաստեղծական աշխարհը ստեղծել են տաղանդները, սակայն նրանց միշտ առաջնորդել են հանճարները, որոնցից մեկը Եղիշե Չարենցն է: «Նրա բանաստեղծական աշխարհում զգում ենք, թե որքան խորն է Չարենցի մտածելակերպը, որքան ազդեցիկ և հիմնավոր են այն գաղափարները, որոնք արտահայտել է իր երկերում: Չարենցը նորարար է թե՛ բովանդակային առումով, թե՛ ոճական և հատկապես բառերի ընտրության հարցում: Անգամ բարբառային որոշ բառեր, որոնք օգտագործում է իր գործերում, տեղին են ու անվիճելի»,-շեշտեց Սուվարյանն ու հիշեցրեց, որ Չարենցն իր ստեղծագործություններով հիմնականում անդրադառնում է հայրենիքի, հայրենասիրության, կյանքի և աշխարհի հավիտենականության, սիրո թեմաներին, որոնք հավերժական են:

Գիտաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ներկա էր փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա համոզմամբ՝ Չարենցը մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ է: «Ինչպես ասում են՝ նա ավելին է, քան պոետը, և նրա ստեղծագործական ժառանգությունն ավելին է, քան արվեստն ու մշակույթը: Չարենցն իր գործերում խտացրել է մեր ազգի տագնապները, մտահոգությունները, փակուղիները, բայց և խոսել է մեր նվիրական զգացումների՝ հայրենասիրական հղացումների մասին: Նրա՝ «Ես իմ անուշ Հայաստանի» չգերազանցված գլուխգործոցն այդ ապացույցներից մեկն է: Հիմա Չարենցին ընթերցելու, վերընթերցելու ամենապատեհ ժամանակներն են» -շեշտեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ Չարենցի ստեղծագործությունները կարդալիս կրկին բախվում ենք մեր հավերժական հարցերին, քան ստանում ենք պատասխաններ ու համոզվում ենք, որ մեր գոյաբանական հարցերը շատ հաճախ շրջապտույտի մեջ են ու պատմական մի ցիկլ անցնելուց հետո հառնում են մեր առջև: «Չարենցի երբեմն շատ մռայլ, հոռետեսական գործերում անգամ կա ուժ, կա պետության քաղաքացի, որն ամուր կանգնած է մեր հողի վրա: Եթե մենք ուզում ենք ճանաչել մեր արատները, մեր առանձնահատկությունները, մեր թռիչքներն ու մեր ուժը, պետք է անընդհատ կապի մեջ լինենք Եղիշե Չարենցի հետ»,-եզրափակեց փոխնախարարը:

Գրող, գրականագետ Դավիթ Գասպարյանը գիտաժողովին հանդես եկավ «Չարենցի պատմականություն» զեկույցով, որի միջոցով փորձեց ցույց տալ գրողի վիթխարի ժառանգությունն իր ժամանակի հայ գրականության մեջ և իրենից հետո թողած ազդեցությունը: «Չարենցն այն հսկան էր, որի արժեքը մենք մինչ օրս չգիտենք: Գիտենք, որ մեծ է, բայց՝ ինչ մեծություն ունի, չենք գիտակցում: Նա 20-րդ դարի համաշխարհային գրական մշակույթը ձևավորած անուններից է: Հետո ինչ, որ Նաիրի Զարյանը պետք է նրա կողքին լիներ և Գրական թերթի 32 համարի երկրորդ համարում նրան պետք է խորհուրդ տար, թե ինչպես գրել և ինչի մասին գրել, հետո ինչ, որ Հրաչյա Քոչարի պես բոլշևիկը պետք է Չարենցի մասին ասեր, որ նա քար է գրականության ճանապարհին, որը պետք է շուտ մի կողմ նետել: Սա ճանապարհ էր, որը պետք է անցներ հանճարեղ գրողը»,-շեշտեց գրականագետը:

Օրեր անց լույս է տեսնելու Դավիթ Գասպարյանի՝ «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» մենագրությունը, որն ունի 804 էջ: Գասպարյանը երկար տարիներ է աշխատել գրքի վրա, որը Չարենցի առաջին գիտական կենսագրությունն է:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում հանդես է եկել բազմաժանր միջոցառումներով, որոնք նախատեսված են եղել թիրախային տարբեր լսարանների համար, սակայն տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն առանցքային նշանակություն է տալիս եռօրյա գիտական նստաշրջանին՝ նշելով, որ անդրադառնալու են տուն-թանգարանի հիմնադրման նախապատմությանը, Չարենցի՝ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ստեղծագործություններին:

«Տուն-թանգարանը նոյեմբերը հայտարարել է Չարենցի հիշատակի ամիս, քանի որ մեծ գրողի ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգահեռ նոյեմբերին լրանում է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը, և գիտաժողովը ներդրում կունենա նրա հիշատակը հավերժացնելու, նրա գրական ժառանգությունը վերարժևորելու գործում»,-ասաց տնօրենն ու հայտնեց՝ հրատարակելու են գրողի երկերի լիակատար ժողովածուն, որի առաջին հատորի կազմման աշխատանքներն արդեն սկսվել են և 125-ամյակի ավարտին առաջին հատորը կլինի գիտական համայնքի սեղանին, իսկ հիշատակի ամիսը կամփոփեն հուշատախտակի բացումով: Չարենցի հուշատախտակը տեղ կգտնի Մաշտոցի 17 հասցեի շենքի առաջնապատին, շենք, որտեղ բանաստեղծն ապրել է կյանքի վերջին երկու տարին:

Գիտաժողովը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-25-ը, նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը:



bottom of page